Ընդդիմադիր դաշտն իսկական քաոսի մեջ է։ Ոմանք մի դաշինքից հեռանում են, մյուսում՝ հեռացվում։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը լքում են ՀԴԿ-ն և «Երրորդ հանրապետությունը», իսկ Ծառուկյանն այլևս չի ցանկանում համագործակցել հնչակների, ավելի վաղ նաև ՌԱԿ-ի հետ։ Որոշակի հստակություն կա «Ելք» դաշինքում. նրանք արդեն որոշել են, թե ովքեր են եռյակում՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։
Ի տարբերություն ՀՀԿ-ի, ընդդիմադիրները ևս մեկ մեծ խնդիր ունեն։ Բացի այն, որ մինչև վերջին օրը դաշինքից դուրս են գալիս ու մտնում, համամասնական ցուցակներում ներգրավվելու հարցում գզվռտոց է, տարածքային ցուցակների հարցում գրեթե բոլոր ընդդիմադիրները «ծպտուն» չեն հանում։ Մինչ իշխող կուսակցությունը հայտնի ու անհայտ անուններ է ռեյտինգային ցուցակներում ներկայացրել, դաշինքներում կատարյալ անորոշություն է կամ ավելի հավանական է՝ չկան համապատասխան թեկնածուներ։ Սա համարյա նմանվում է ՏԻՄ ընտրություններին, որոնցում ՀՀԿ-ն կատարյալ հաղթանակ է տանում, քանի որ չունի ընդդիմադիր մրցակիցներ։
Ռեյտինգայինների պարագայում էլ, եթե դաշինքների համամասնական ցուցակներում ներգրավածները չառաջադրվեն ռեյտինգային ցուցակով, ընդդիմադիրները մարդ չեն ունենա առաջադրելու կամ էլ կհամակերպվեն մշտապես առկա այն տրամադրության հետ, թե, միևնույն է, ՀՀԿ-ականները իրենց լծակներով հաղթելու են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ